Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից
կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ
միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր
հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է
մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ
Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի
եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման
առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս,
ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն
Տրդատի թոռը` Խոսրովի որդին:
Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ
զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ
պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի
մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի
հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի
բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով
Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում
քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ
մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. «Երկրպագելի է մեկ
Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ
կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է
փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած
ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության
պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և
աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի
մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև
Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների
մարմիններն ամփոփում Համիան քաղաքում:
Ս. Սարգիսը հայոց մեջ
ամենասիրված սրբերից է և պատահական չէ, որ Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա
մասունքները բերում է Կարբի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու
անունը կրող եկեղեցի: Սբ. Սագիսը, զարդարված լինելով Սբ. Հոգու յոթնարփյան
շնորհներով, իր աղոթասիրության, խոնարհության և արիության շնորհիվ
պատերազմների ժամանակ միշտ հաղթանակ էր տանում: Բարեպաշտ զորավարը օգնում
էր բոլոր կարիքավորներին, որի համար շարականագիրը նրան անվանել է
«երագահաս»՝ բոլորին արագ օգնության հասնող: Նրա բարի համբավն այնքան էր
տարածվել, որ Կոստանդիանոս կայսրը, ի վարձատրումն վերջինիս հայրենի երկրին
բերած ծառայությունների, արժանացնում է ստրատեգի աստիճանի: Ս. Սարգսի մասին
բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը:
Աղքատ
Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս ևս
սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց
ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ
Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն`
աշխատելու: Սակայն մինչև այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է
առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ
օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են
անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու
հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում,
այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և
ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով`
Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի
էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը
պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված նա ազնիվ սրտով
և արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը:
Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ
նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին
նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա
հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն և
նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
Ս. Սարգսի
տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը:
Պահքը տևում է հինգ օր` այս տարի փետրվարի 1-6 ներառյալ: Ժողովրդական
սովորություններից է նաև, երբ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը
երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ
հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է
փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս
զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է
հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ
փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է
խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի
երազանքը:
Փետրվարի 4-ին Ս. Սարգիս Զորավարի անունը կրող
եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների
օրհնության կարգ: Կբաժանվեն տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ: |