Հայաստան
Արցախ
  - Ամարաս
  - Բռի եղցի
  - Գանձասար
  - Գտչավանք
  - Դադիվանք
  - Եղիշե առաքյալ (Ջրվշտիկ)
  - Երից Մանկանց վանք
  - Խաթրավանք
  - Ծիծեռնավանք
  - Ղազանչեցոց
Ջավախք

Ազատի կիրճ <br />06.05.2012թ.
Ազատի կիրճ
06.05.2012թ.

   «Ուրբաթագիրք». այսպես է կոչվում հայերեն առաջին տպագիր գիրքը, որը Հակոբ Մեղապարտը տպագրել է Վենետիկում, 1512 թ.: Տառատեսակը բոլորգիր է, տպագրությունը՝ սև ու սպիտակ, ունի 124 էջ: «Ուրբաթագրքի» եզակի օրինակները պահպանվում են Հայաստանի և արտերկրի մի քանի գրադարաններում: Գրքում ամփոփված են առասպելախառն պատմություններ, չափածո աղոթքներ: Ժողովածուն «Ուրբաթագիրք» խորագիրը ստացել է ուրբաթ օրվա անունից, իսկ ուրբաթը, ըստ Ղևոնդ Ալիշանի, հնուց ի վեր համարվել է հմայական ազդեցության օր:
   1512-1513 թթ. Հակոբ Մեղապարտի ջանքերով Վենետիկում լույս են տեսել հայերեն առաջին գրքերը: Ահա դրանք ըստ հերթականության. «Ուրբաթագիրք», «Պատարագատետր», «Աղթարք», «Պարզատումար» և «Տաղարան»:

 

Հայոց հողի հրաշալիքները Արցախ Ամարաս

Ամարասի վանք

Ամարասի վանքը գտնվում է ԼՂՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում: Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ: Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը IV դ. սկզբին: Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելիս 338-ին նահատակված Գրիգորիսը: V դ. սկզբին Մեսրոպ Մաշտոցը Ամարասի վանքում բացել է Արցախի առաջին դպրոցը: 489-ին Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը, գտնելով Գրիգորիսի արդեն մոռացված գերեզմանի տեղը, վրան մատուռ է կառուցել` միաժամանակ ավարտելով եկեղեցու կառուցումը: V դարից Ամարասի վանքը դարձել է երկրամասի խոշոր կենտրոն և եպիսկոպոսանիստ; 821-ին վանքն ասպատակել են արաբները: Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը հավաստում է, որ 1293-ին թաթար Բայտու (Բաթու) խանը կողոպտել է Ամարասի վանքը և ավարի առել ս. Գրիգորիսի գավազանն ու 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի խաչ: 1387-ին Ամարասի վանքն ավերվել է Լենկթեմուրի արշավանքից: Բայց ամենածանր պայմաններում անգամ վանքն իր անընդմեջ գործող դպրոցով շարունակել է մնալ որպես կրոնական և մշակութային կենտրոն: XV-XVI դդ. այստեղ գրվել են բազմաթիվ ձեռագրեր: XVII դ. 3-րդ քառորդին Գանձասարի Պետրոս կաթողիկոսը նորոգել է Վարանդայի եպիսկոպոսական կենտրոն Ամարասի վանքը և նրա միաբանության համար ամառանոց ծառայող Հերհեր գյուղում 1667-1676-ին կառուցել Գրիգորիսի անվամբ նոր եկեղեցի: XIX դ. 2-րդ քառորդին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո Ամարասի վանքի համալիրը, որն ուներ XVII դ. կառուցված բավական ուժեղ պաշտպանական համակարգ, օգտագործվել է որպես ամրոց, իսկ 1832-1847-ին եղել ռուս-պարսկական սահմանի մաքսատունը: 1848-ին Ամարասի վանքը ցարական իշխանությունից հետ է վերցրել Գանձասարի մետրոպոլիտ Բաղդասարը: Խարխլված եկեղեցու տեղում 1858-ին շուշեցիների նյութական օժանդակությամբ կառուցվել է նորը, իսկ այնտեղ դրված Գրիգորիսի տապանաքարը 1898-ին պատրաստել է շուշեցի ճարտարապետ Միքայել Տեր-Իսրայելյանցը: XIX դ. վերջին վանքն ուներ կալվածքներ` վարելահողեր, այգի, ջրաղաց: Լքվելով և ամայանալով XX դ., Ամարասի վանքը 1992-ին վերաբացվել է որպես Արցախի թեմի գործող վանք:

Հարթ տեղանքում կառուցված վանքն ունի կանոնավոր ուղղանկյուն հատակագիծ (59x85մ)` չորս անկյուններում շրջանաձև բուրգերով ուժեղացված, հրակնատներով բարձր պարիսպներով, որոնց ներսից ողջ պարագծով կից են բնակելի և օժանդակ շինությունները: Բնակելի խցերի շարքով անջատվող երկու ներքին բակերից արևելյանը տնտեսական նշանակության է (նրա շուրջն են խմբավորված վանքի գոմը, ախոռը, մթերանոցները): Արևմտյան` ավելի ընդարձակ բակի կենտրոնում բարձրանում է ս. Գրիգորիս երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը: Եկեղեցու բեմի տակ պահպանվել է ս. Գրիգորիսի մատուռ-դամբարանը` արևելքից արևմուտք ձգվող ուղղանկյուն (1.90x3.75մ) պայտաձև կտրվածքով թաղով միանավ դահլիճը, որն արևելքում ունի խորշ և երկայնական պատերում` մեկական մուտք: Նախամուտքերի արևելյան պատերին քանդակված են ոճավորված արմավենիներ: Գրիգորիսի դամբարանն ունի նույն հորինվածքը, ինչպիսին ունեն Էջմիածնում Գայանեի և Օշականում Մեսրոպ Մաշտոցի V դ. դամբարանները, և կարևոր է Հայաստանում հուշակոթողային ճարտարապետության այդ կառուցվածքների ստեղծման և զարգացման պատմության ուսումնասիրման համար:


Share |

ՄԱՅԻՍԻ 19-ին՝ ՊԱՐԶ ԼՃԻՑ ԳՈՇԻ ԼԻՃ, ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ՝ ԳԵՂԱՐԴԻՑ ԳԱՌՆԻ

Սիրելի արշավականներ, մայիսի 19-ին մեկնում ենք Պարզ լիճ, Գոշավանք և Գոշի լիճ, տոմսի արժեքը՝ 4.000 դրամ, մայիսի 20-ին մեկնում ենք Գեղարդ, որտեղից կիրականացնենք քայլարշավ դեպի Գառնի՝ սարերով-ձորերով, տոմսի արժեքը՝ 3.000 դրամ: Գրանցվել կարող եք` զանգահարելով Էդգարին (094 89 55 16) կամ Տիգրանին (094 41 30 77):

 


Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)

Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)

 


Copyright © Edgar Harutyunyan. All rights reserved. Development by INFOstream