|
Գիտնականների հաշվարկներով Արարատ լեռը մոտավորապես երեքուկես միլիոն տարեկան է: Մեծ ու Փոքր Մասիսները իրարից բաժանվում են երկրաբանական մի ամբողջ դարաշրջանով: Փոքր Մասիսն ընդամենը 200.000 տարեկան է, հետևաբար Մեծ Մասիսը հազարամյակներ շարունակ առանձին է եղել:
|
|
|
Հայոց հողի հրաշալիքները → Արցախ → Գանձասար Գանձասարի վանք
Գանձասարի
վանքը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի դիմացի համանուն լեռան վրա:
Հիմնադրվել է մինչև X դ.: Հայոց Անանիա Ա Մոկացի կաթողիկոսի` քաղկեդոնականության
դեմ պայքարելու համար 949-ին Խաչենում հրավիրված ժողովին մասնակցել է Գանձասարի
վանքի վանական Սարգիսը: Սելջուկների դեմ պատերազմում զոհված Խաչենի Գրիգոր իշխանի
աճյունը բերել ու թաղել են Գանձասարի վանքում, որը ըստ XII-XIII դդ. մատենագիր,
օրենսդիր Մխիթար Գոշի վկայության, նրա նախնիների տապանատունն էր: Արցախ-Խաչենի
իշխանաց իշխան Հասան Ջալալ Դոլան 1216-38-ին կառուցել է վանքի Ս. Հովհաննես Մկրտիչ
եկեղեցին (օծվել է 1240-ի հուլիսի 22-ին` Վարդավառի օրը): Ըստ Կիրակոս Գանձակեցու,
իշխան Հասան Ջալալի կազմակերպած մեծ տոնախմբությանը ներկա է եղել 700 քահանա:
Հյուրերի թվում էին Աղվանքի Ներսես կաթողիկոսը, Վանական Վարդապետը, իշխաններ և
եպիսկոպոսներ, Հայաստանի շատ վանքերի առաջնորդներ:
Սրբատաշ
քարից կառուցված եկեղեցին ունի ներքուստ` խաչաձև, չորս անկյուններում երկհարկ
ավանդատներով գմբեթավոր հորինվածք և հարուստ գեղարվեստական հարդարանք: Ներսում,
առագաստների տակ կան երկրաչափական զարդաքանդակներ (շրջանաձև, աստղաձև, քառակուսի),
իսկ վերևում չորս ավետարանիչների խորհրդանշանների բարձրաքանդակներն են: Նուրբ և
ճոխ մշակում ունի բեմի ճակատամասը: Արտաքուստ ճակատներն ունեն զույգ խորշեր և
զարդարված են դեկորատիվ կամարաշարով: Հայկական արվեստում իր հարդարանքով բացառիկ է
եկեղեցու գմբեթը, որի թմբուկի նիստերին կան Հին և Նոր կտակարանների թեմաներով
պատկերաքանդակներ, կենդանակերպ, երկրաչափական և բուսական մոտիվներով
զարդաքանդակներ: Արևմտյան նիստերին քանդակված են ծալապատիկ նստած կտիտոր (հիմնադիր
և մեկենաս) իշխանները` գլխներից վեր պահած եկեղեցիների մանրակերտերով, Քրիստոսը և
նրանից ներքև` Ադամը և Եվան: Հարավային նիստերին խմբված են ծնկաչոք,
լուսապսակներով մարդկանց (հավանաբար` առաքյալների) քանդակներ, որոնք դիմում են
միջին նիստի ճակտոնում պատկերված Աստվածածնին: Արևմտյան ճակատին կա բարձրարվեստ
խոշոր պատկերաքանդակ` «Խաչելության» տեսարանով:
Վանքի
գավիթը հիմնադրել է Հասան Ջալալ Դոլայի կին Մամքանը` 1261-ին, ավարտել է նրանց
որդի Աթաբակ-Իվանեն`1266-ին: Գավիթն ունի խաչվող կամարնենով ծածկ և
հատակագծային-ծավալային հորինվածքով կրկնում է Հաղպատի վանքի գավթի ձևերը
(հավանաբար, երեքն էլ նույն ճարտարապետի կառույցն են): Գանձասարի վանքի արևմտյան
շքամուտքն ունի ճոխ ձևավորում, դռան ճակատակալ քարում օգտագործվել են
բազմագունության հնարք:
1261-ին
Ղազիվում (Իրան) սպանված Հասան Ջալալ Դոլայի աճյունը նրա որդի Աթաբակ-Իվանեն
տեղափոխել է հայրենիք և թաղել Գանձասարի վանքում: 1271-1301-ին վանքը բազմաթիվ
նվիրատվություններ է ստացել: Մոտ 1400-ին վանքը դարձել է Աղվանից կաթողիկոսության
աթոռանիստը: 1417-ին Մատթեոս Մոնոզոնը վանքում գրել է բանաստեղծությունների մի
ժողովածու` կազմված տաղերից, ներբողներից և Ալեքսանդր Մակեդոնացու չափածո
պատմությունից:
1441-ին
վանքի եպիսկոպոս Ազարիան մասնակցել է Էջմիածնում Հայոց կաթողիկոս Կիրակոս Ա
Վիրապեցու ընտրություններին: 1462-ին կարակոյունլու սուլթան Ջհանշահի կին
Բեգում-խաթունը հրովարտակով հաստատել է Գանձասարի իրավունքները և կարգադրել
պետական պաշտոնյաներին` վանքը հարկերից ազատել: 1467-80-ին վանքը որպես
նվիրատվություն ստացել է գյուղեր, հողամասեր, դրամ: 1487-ին ակկոյունլու Յաղուբ
Փադիշահը հրովարտակով հաստատել է Գանձասարի Շմավոն կաթողիկոսի իրավունքները և նրան
ենթակա հոգևորականությանն ազատել հարկերից: Գանձասարի վանքը 1493-ին որպես նվեր
ստացել է Մսերզին գյուղը, իսկ 1507-ին` Տանձաձորը: 1546-ին Սարգիս կաթողիկոսն
ընդարձակել է վանքի կալվածքները, 1551-ին` նորոգել վանքի եկեղեցին: 1606-20-ին
Գանձասարի վանքի նախկին սարկավագ Մեխլուն Արցախի լեռնային շրջաններում
գյուղացիական ապստամբություն է հրահրել և ղեկավարել, դատապարտել է վանականների
աշխարհիկ, զեխ կյանքը, քարոզել ունեցվածքի հավասարություն:
1628-33-ին
Գանձասարի Հովհաննես կաթողիկոսը նորոգել է վանքը: 1653-ին Գանձասարի կաթողիկոս
Պետրոս Խանձկեցին կանգնեցրել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթի երկաթե խաչը,
նորոգել վանքը: 1659-ին վանքում Հովհաննես Ապահունեցին գրել է «Քերականություն»
ժողովածուն: 1675-ին մահացել է Պետրոս Խանձկեցի կաթողիկոսը, և Երից մանկանց
վանքում ստեղծվել է Գանձասարին հակաթոռ կաթողիկոսություն` Սիմեոն Խոտորաչենցու
գլխավորությամբ: 1689-ին Երեմիա Կաթողիկոսը կառուցել է Գանձասարի վանքի
սեղանատունը: 1699-ին վանքում տեղի է ունեցել Գանձասարի կաթողիկոսի և XVII-XVIII
դդ. հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ Իսրայել Օրու հանդիպումը: 1702-ին
Գանձասարի կաթողիկոս է դարձել եսայի Հասան Ջալալյանը: Նրա օրոք վանքը դարձել է
Ղարաբաղի նաև քազաքական և ռազմական կենտրոնը: 1762-ին վանքում կայացել է Հովհաննես
կաթողիկոսի և XVIII դ. 2-րդ կեսի հայ ազատագրական շարժման ղեկավար Հովսեփ Էմինի
հանդիպումը: Վանքում 1778-ին Հովհաննես կաթողիկոսը «Դատաստանագիրք» է գրել: 1781-ին
Գյուլիստանի Մելիք Աբովը նորոգել է եկեղեցին ու գավիթը: 1783-ին Գանձասարի վանքում
Ղարաբաղի մելիքների և հոգևոր առաջնորդների հավաքը նամակ է հղել ռուսական բանակի
գեներալ իշխան Պոտյոմկինին` խոստանալով նրան Ղարաբաղը պարսկական տիրապետությունից
ազատագրելու արշավանքի ժամանակ օգնել պարենով և ռազմական աջակցություն ցույց տալ:
1813-ին
Ղարաբաղն անցել է ռուսական տիրապետության տակ: 1815-ին ռուսական կառավարությունը
վերացրել է Գանձասարի (Աղվանքի) կաթողիկոսությունը և այն փոխարինել
մետրոպոլիտությամբ: 1836-ին արքեպիսկոպոս Բաղդասարը մետրոպոլիտության կենտրոնը
Գանձասարի վանքից տեղափոխել է Շուշի: 1898-ին Անտոն վարդապետը Գանձասարի վանքի
արևելյան կողմում կառուցել է դպրոցի երկհարկանի շենքը: 1907-ին նորոգվել են
Գանձասարի վանքի գավթի տանիքն ու զանգակատունը: 1923-ին Լեռնային Ղարաբաղի
Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո վանքը դադարել է գործել: Վանքի Ս.
Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերաբացվել է 1988-ին: 1992-ին ԼՂՀ ներխուժած ադրբեջանական զորքերի
հրետակոծությունից ավերվել են վանքի արևելյան կողմի շինությունները, որոնք
1993-98-ին վերանորոգվել են:
|
|
|
Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)
Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)
|
|