|
1840 թ. հունիսի 20-ի երկրաշարժի ժամանակ ամբողջովին կործանվեցին Մասիսի կատարամերձ Ակոռի գյուղը և նրա կողքի Սուրբ Հակոբ եկեղեցին: Զոհվում են Ակոռի գյուղի բոլոր բնակիչնեչրը՝ մոտ 2000 մարդ: Երկրաշարժից երեք տարի անց՝ 1843 թ., գերմանացի ճանապարհորդ, աշխարհագրագետ ու բնագետ Մորից Վագները Խաչատուր Աբովյանի հետ բարձրանում է Ակոռի գյուղի տեղանքը: Նրանց զարմացնում է մի բան. երկրաշարժն Ակոռիից ոչ մի հետք չէր թողել, սակայն գյուղի հռչակավոր այգում կանգուն են մնացել 13 ծիրանենի:
|
|
|
Հայոց հողի հրաշալիքները → Արցախ → Եղիշե առաքյալ (Ջրվշտիկ) Ջրվշտիկ կամ Եղիշե առաքյալ վանք
Ջրվշտիկ վանքը, որն առավել հայտնի է Եղիշե առաքյալ վանք անունով, գտնվում է
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղից հյուսիս-արևմուտք, Մռավի անտառածածկ
լեռնաբազուկներից մեկի հարավային լանջին: Հիմնվել է ս. Եղիշե վկայի գերեզմանի վրա:
Եղել է Հայոց Արևելից Կողմանց հնագույն սրբավայր: Նախապես հայտնի է եղել Ներսմիհրի
ուխտ անունով, քրիստոնեության ընդունումից հետո կոչվել է Ջրվշտիկ` վանքի մոտ գտնվող
Ջրվշտիկ ջրվեժի անունով, ապա` Ս. Եղիշե առաքյալ վանք: Ըստ պատմիչ Մովսես
Կաղանկատվացու` V դ. Արցախի Վաչագան
Բարեպաշտ թագավորը ս. Եղիշեի նահատակության տեղում հուշասյուն է կանգնեցրել,
գերեզմանի վրա մատուռ-դամբարան կառուցել և ինքն էլ վախճանվելուց հետո թաղվել դրա
մոտ: Վաղ միջնադարում Ջրվշտիկ վանքը սերտորեն կապված է եղել Արցախի կրոնական և
քաղաքական կենտրոնների մոտակայքում գտնվող Գլխո վանքի, արքայանիստ Գյուտականի,
Կաղանկատույքի, Բերդակուրի հետ` լինելով պատմական Արցախի նվիրական
սրբավայր-ուխտատեղի:
1244-ին Սերոբ սարկավագը հնագույն եկեղեցու հիմքերի վրա կառուցել է վանքի Ս.
Եղիշե առաքյալ եկեղեցին: XII-XIII դդ. կառուցվել է Ջրվշտիկ
վանքի գլխավոր միանավ թաղածածկ եկեղեցին, 1264-ին` նրան արևմուտքից կից երկսյուն
գավիթը, որի երկլանջ տանիքին 1323-ին կանգնեցվել է քառասյուն զանգաշտարակը:
1286-ին վանահայր Սիմեոնը Վաչագան Բարեպաշտ թագավորի գերեզմանի վրա եկեղեցի է
կառուցել: Հյուսիսից հարավ շարքով կանգուն յոթ եկեղեցիներն ու մատուռները (XIII-XVII դդ.) թաղածածկ,
երկթեք տանիքով շենքեր են, որոնք ունեն տարբեր եզրաձևով (կիսաշրջանաձև, ուղղանկյուն, զույգ կիսաշրջանաձև) և տարբեր քանակի խորաններ: Խորանների այսպիսի
բազմազանությունը մեկ մենաստանում բացառիկ է հայկական վանքերում:
Ջրվշտիկ վանքի համալիրի հարավային կողմում են խցերն ու սեղանատունը, որոնց
շարքում իր ճարտարապետությամբ առանձնանում է վանահոր երկհարկ շենքը (1552): XVI դ. կառուցված վանքի պարիսպը նորոգվել և ամրացվել
է 1716-ին, միաժամանակ կառուցվել են երկու կամարակապ դարպասները:
Միջնադարում Ջրվշտիկ վանքում պահվել են աշխարհիկ ու կրոնական կարևոր
վավերագրեր, ձեռագիր մատյաններ, եկեղեցական սպասք: Վանքը եղել է դպրության ու գրչության
կետնրոն, այստեղ ընդօրինակվել և նվիրատվությամբ ստացվել են տարաբնույթ արժեքավոր
ձեռագրեր: 1899-ին գտնվել են Ջրվշտիկ վանքի VII-VIII դդ. բրոնզե բուրվառները, որոնցից մեկը զարդարված է Տերունական սրբապատկերով
(Գարեգին վարդապետ Հովսեփյանը բուրվառները նվիրել է
Էջմիածնի Մայր տաճարի թանգարանին):
Ժողովորդական
ավանդազրույցը Վաչագան Բարեպաշտ թագավորի և Անահիտ թագուհու անունների հետ է
կապում Ջրվշտիկ
վանքի արևմտյան կողմում գտնվող աղբյուրը, իսկ վանքի բակի խաչաքանդակ տապանաքարը
համարում է Անահիտի գերեզմանը:
XVIII դ. Ջրվշտիկ վանքը եղել է
հայ ազգային-ազատագրական պայքարի կենտրոններից: Այդ ժամանակաշրջանում մեծ հռչակ է
ունեցել վանքի միաբան, քաջակորով Ավագ վարդապետը, իսկ մենաստանը վայելել է Արցախի
մելիքների հոգածությունը, որոնցից գահերեցը` Ջրաբերդի նշանավոր Մելիք-Ադամը, թաղվել
է Ջրվշտիկ վանքի բակում` Ս. Եղիշե առաքյալ եկեղեցու մոտ:
|
|
|
Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)
Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)
|
|