Հ. Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք, Մարցաջուր գետակի ձախակողմյան ձորալանջի նեղ հարթակի վրա, անտառում գտնվում է Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը, որը կառուցել է իշխան Մարծպան Մամիկոնյանը 1221-ին: Վանքը եղել է Մամիկոնյան իշխանների տոհմական տապանատունը: Ի դեպ, Հ. Թումանյանն իրեն համարել է Մամիկոնյանների շառավիղը: Վանք տանող ճանապարհին է գտնվում այն աղբյուրը,
որից «Գիքոր» ֆիլմում ջուր են խմում Համբոն
ու Գիքորը: Այդ պատճառով էլ տեղացիները աղբյուրն անվանել են Գիքորի աղբյուր:
Խուճապի վանքը գտնվում է ՀՀ
Լոռու մարզում, Լալվար լեռան հյուսիսային անտառոտ լանջին: Հնագույն կառույցը
միանավ բազիլիկ եկեղեցին է (IX-X դդ.): Խուճապի վանքը սկզբնապես գործել է որպես
հայադավան մենաստան, իսկ XIII դ., Զաքարյանների տիրապետության շրջանում, վերածվել
է քաղկեդոնիկ վանքի: XIII դ. միանավ եկեղեցուցհյուսիսային սրբատաշ ֆելզիտով կառուցվել է գլխավոր եկեղեցին` զույգ մույթով
գմբեթավոր հորինվածքով, հարուստ արտաքին դեկորատիվ հարդարանքով: Հարավային
ավանդատանը պահպանվել են որմնանկարների հետքեր: Գլխավոր եկեղեցուն արևմուտքից
կցվել է գավիթ-սրահը, հյուսիսից ու հարավից ավելացվել են երկայնական սրահներ:
Գմբեթավոր եկեղեցու կառուցման հետ մեկտեղ XIII դ. վերանորոգվել է բազիլիկ եկեղեցին
(հյուսիսից ու հարավից կցվել են երկայնական սրահներ, իջեցվել է բարձրադիր բեմի
նիշը): Բազիլիկի եկեղեցուց հյուսիս պահպանվել է փոքր, կիսավեր մատուռ: Խուճապի
վանքի պարսպապատ տարածքում պահպանվել են բնակելի և տնտեսական շինությունների
ավերակները: