Հազարամյակներ առաջ հայ կինը իր կրծքի կաթը հեղել է քարի վրա, ապա նորածնին կերակրել քարին թափված կաթով: Դա մեծ խորհուրդ է ունեցել. մայրն իր որդուն կապել է հայրենի տան, հայրենիքի հետ, սիրելի դարձրել նրան քարակերտ օրրանը: Այդ պատճառով էլ քարը հնուց ի վեր սրբազան է եղել հայի համար: Ռաֆայել Իսրայելյանը գրել է. «Քարի վրա է ծնվել հայը, քարի վրա ապրել, քարով ապրել, քարը քարին դրել, քարի վրա բարձրացել: Քարերի մեջ է աճել հայ մանուկը, քարով խաղ արել, քարն իմացել, քարի պես ամրացել»:
Մայրավանքը գտնվում է ՀՀ
Կոտայքի մարզի Սոլակ գյուղի մոտ, հիշատակվում է VII դարից` կապված վանահայր Հովհան
Մայրավանեցու (Մայրագոմեցի)հետ: Եզր Ա Փառաժնակերտցի
կաթողիկոսը միակամության հարցում իրեն ընդդիմացած և Մայրավանք քաշված Հովհան
Մայրավանեցուն անարգելու նպատակով վանքն անվանել է «Մայրագոմ», իսկ Հովհանին`
«Մայրագոմեցի»:
Մայրավանքի` սրբատաշ
բազալտից կառուցված Ս. Աստվածածին եկեղեցին (XI-XII դդ.) մեկ զույգ արևմտյան
մույթերով գմբեթավոր դահլիճ է, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով: Բեմի
վեմքարի տեղ խաչքար է դրված: Եկեղեցու հարավ-արևմտյան և հյուսիսային կողմերում
միաբանության շենքերի ավերակներն են: