Մեր ակումբը
Մեր ակումբի անդամները
Մեր տաղանդները
  - Ասյա Մովսիսյան
  - Արսեն Պողոսյան
  - Արփինե Մարտիրոսյան
  - Էդգար Հարությունյան
  - Լիլիթ Սիմոնյան
  - Հարություն Հովհաննիսյան
  - Մարիամ Հակոբյան
  - Նարինե Բաղդասարյան
  - Տիգրան Շահբազյան

Ազատի կիրճ <br />06.05.2012թ.
Ազատի կիրճ
06.05.2012թ.

   Հայաստանում զանգը պատրաստել են պղնձից, որը հնչուն մետաղ է: Գրիգոր Նարեկացին այդ մասին վկայում է. «զանգակ նիւթոյ պղնձոյ»: Իսկ Գրիգոր Տաթևացին հաղորդում է, որ զանգը ձուլելու ժամանակ պղնձին խառնել են արծաթ, որն ավելի հնչեղ էր դարձնում զանգի ձայնը: Անեցի արհեստավորները այնպիսի զանգեր են պատրաստել, որոնց ձայնը հասնում էր ոչ միայն Ծաղկոցաձորի ամենամթին խորշերը, այլև Շիրակի սահմաններից շատ հեռու:
   Պահպանված ամենահին հայկական զանգերը երկուսն են, որոնք գտնվել են Տաթևի վանքում: Դրանցից մեկը ձուլվել է 1302 թ., իսկ մյուսը՝ 1304 թ.: Երկուսի վրա ել կան հայերեն արձանագրություններ, ըստ որոնց դրանք ձուլել է տվել կամ գնել է Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը:

 

Մեր մասին Մեր տաղանդները Նարինե Բաղդասարյան

Նարինե Բաղդասարյան

Նարինե Բաղդասարյանը ծնվել է Ստեփանակերտ քաղաքում, ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, աշխատում է իր մասնագիտությամբ: 8 տարեկանից ստեղծագործում է՝ հիմնականում բանաստեղծությունների տեսքով արտահայտելով իր յուրօրինակ ներաշխարհում փոթորկվող հույզերն ու երազները: Նարինեն մեր ակումբի հիմնական անդամներից է, արշավներին մասնակցում է 2009 թվականից: Ազատ ժամանակն անց է կացնում ընթերցանությամբ կամ երաժշտություն լսելով: Ձեզ ենք ներկայացնում Նարինեի բանաստեղծությունների հավաքածուից մի ծաղկեփունջ:

***
Թե ինչու եմ քեզ իմ սրտում ներում,
Թե ինչ եմ գտել այս տխուր դերում,
Ուր եմ հասնելու իմ այս հուշերում,
Ես չեմ հասկանում:

Եվ մութ ու խավար իմ գիշերներում
Ո՞վ է արդյոք քեզ իմ երազ բերում
Ու ինչո՞ւ հետո խլում է տանում,
Ես չեմ հասկանում:

Ինչո՞ւ ուրիշը սիրտս չի գերում
Եվ ո՞ւր եմ այսպես մոլոր դեգերում,
Ինչ պատճառով եմ ցավն այս համբերում,
Ես չեմ հասկանում...

Ինչպե՞ս ես ապրում սրտիս վերքերում,
Եվ ո՞նց եմ ես քեզ նույնիսկ դա ներում:
Ես դեռ ինչո՞ւ եմ քեզ այսպես սիրում,
Ոչ, չեմ հասկանում...

***

Սիրտն իմ քո ցավին օրոր էր ասում,
Իմ ցավը քեզնից օրոր էր լսում,
Լքված գրկիդ մեջ հուշերս մաշում,
Մի հին երգ էի հոգուդ ես հուշում...

***

Տեսնես ինչքան եմ ես կանգնել մենակ
Վիրավոր հոգուդ գոցված դռան դեմ,
Անունդ կանչել օրեր շարունակ
Քո միայնության քամիների դեմ:
Գիտե՞ս, ինչքան եմ ես խնդրել Նրան,
Քեզ տանջող ցավը ինձ բաժին հանի,
Միայն չկորչի բանալին դռան
Ու մենությունը քեզ չկործանի:
Այնինչ դու էիր քո հոգին բանտել`
Հեռու մարդկանցից ու խռով կյանքից,
Ապա ինչո՞ւ ես փրկության կանչել,
Թե՞ չես էլ ուզում զրկվել կապանքից:
Խեղդված արցունքը թող լինի վկան,
Ծնկի չեմ գալիս անզորությունից,
Արդեն բռնել եմ հետդարձի ճամփան
Քո հոգու հավերժ խուլ փակված դռնից...

***

Դեռ չեմ որոշել
Քեզ ինչպես հիշել.
Ժպիտո՞վ մեղմիկ, թե՞ լուռ թախիծով,
Սիրտս ուղեղիս դա դեռ չի հուշել:

Դեռ չեմ որոշել,
Թե ինչպես նշել
Տոնը երկուսիս կամ էլ ոչ մեկիս.
Կիսով չափ եմ դեռ ապրածս մաշել:

Ես չեմ որոշել,
Թե արդյոք ո՞ւշ է,
Կամ ճի՞շտ է արդյոք, սխալ միգուցե.
Ամենն ինձ համար կիսամշուշ է:
Քեզ ինչպե՜ս հիշել, տոնն ինչպե՜ս նշել
Դեռ չեմ որոշել,
Չեմ էլ որոշել, որ արդեն ուշ է
...Գոնե մեկը ինձ ինչ-որ բան հուշեր...

***

Ինձ օրոր երգիր,
Վաղուց չեմ քնել,
Ցավն է սրտիս մեջ
Իր բույնը դրել:
Դու նրան հերքիր`
Ինձ օրոր երգիր:

Պատմիր հեռուներ
Բաց երկնքի տակ
Ծաղկազարդ դաշտեր,
Կարկաչուն վտակ,
Եվ աղավնիներ
Երկնքում պատմիր:

Պատմիր, որ կա վայր,
Ուր միշտ է գարուն,
Ու ճիշտ այն բույրով,
Որ ես եմ սիրում,
Այն երանգներով,
Որ ինձ պարուրում
Ու երբեք, երբեք, երբեք
Չեն մարում:

Թող գտնեմ ամենն այս քո ափերում…
Ինձ օրոր երգիր…
Կգտնեմ ներում…

***

Տերյանական

Մշուշն է կախվել մռայլ երկնքից,
Աշնան փերին է իր պարը պարում,
Լոկ տխրությամբ է բուրում ամենքից,
Լոկ մենակություն տիրում աշխարհում:

Հնչում է տխուր աշնան մեղեդին
Իմ հոգում կարծես թե վերջին անգամ,
Հանգչում է փերին, մարում է կրկին.
Տանջում է նրան վերքն արյունաքամ:

Ահա իջնում է վերմակը մահվան,
Էլ ի զորու չէ երկինքը լռել,
Արտասվում է այն, սգում է նրան.
Կարծես թե զավակն են մորից խլել:

***

Իմ երկրաչափությունը

Տարածության մեջ մի կետով
Կանցնեն բազում ուղիներ,
Ցանկանում եմ ամբողջ սրտով.
Իմն ու քոնը թող չանցնեն:

Թող չհատվենք գեթ մի կետում,
Ինչպես որ բյուր հազարներ
Խաչվում, հետո անց են կենում,
Փնտրում հատման այլ կետեր:

Տարածության մեջ զույգ կետեր
Միացնում է մի ուղի,
Իմաստուն է միտքն այս կերտել,
Դեմ չեմ, թող այդպես լինի:

Բայց թող ճամփաս կետերով ողջ
Քո ուղու հետ համընկնի,
Հոգ չէ, մարդու միտքը առողջ
Թող այն մի գիծ համարի...

***

Երբ գարնան շնչով պարուրված
Բուրում է մանուշակը հեզ,
Իմացիր, որ իմ սիրտն է բացված,
Իմացիր, որ սիրում եմ ես քեզ:

Երբ ամռան տապից ծաղիկն է խանձվում,
Եվ արևն է այրում տոթակեզ,
Իմացիր, սպասումից եմ տանջվում,
Իմացիր, դեռ սիրում եմ ես քեզ:

Երբ մելամաղձոտ աշունն է գալիս`
Լուսավոր թախիծ բերելով մեզ,
Իմացիր, այդ ես եմ լալիս,
Որովհետև դեռ սիրում եմ ես քեզ:

Երբ ձմեռ ու ձյուն է դրսում,
Պատուհանից նայիր ու տես,
Որ իբրև բարդի իմ հոգին է մրսում,
Ես սիրում եմ քեզ,
Ես սիրում եմ քեզ…

***

Չուղարկված նամակ

Չուղարկված նամակ: Դարակի խորքում
Փոշին է պատել երեսը նրա,
Կարծես թե տողերն են այն արձագանքում`
Թախիծ մաղելով իմ հոգու վրա:

Հասցեատիրոջ կիսատ անունը,
Կցկտուր խոսքեր, անիմաստ հույսեր,
Անփորձ ու մաքուր սիրո գարուն է
Եվ ամեն տողում շփոթմունք, հույզեր..

Զգացմունքների մեծ ու հորդ շատրվան`
Տենչանք, տառապանք, և սեր, և խոստում,
Դառը մտքերի երկար քարավան`
Ծնված միայնակ սրտի անապատում:

Սեր, թախիծ, բերկրանք…վաղուց մոռացված,
Հասցեատիրոջ կիսատ անունով,
Չուղարկված նամակ` փոշիով ծածկված,
Չուղարկված…ամեն ինչ ասված է դրանով:

***

Անսպասելի ու շատ սպասված հանկարծ թե գաս,
Անփութորեն ու քեզ համար անփակ դռնով եթե անցնես,
Հանգիստ քայլով, քո լությամբ միայնությունս բացասես,
Ախ, եթե գաս, եթե անմար թախիծս զգաս…

Անխոս նայես իմ աչքերին, ու հասկանամ,
Ու քո գրկում փրկես դու ինձ,
Ու զգամ, որ կամ և որ չկամ ես քո շնչից…
Անսպասելի ու շատ սպասված հանկարծ թե գաս…

Ժամանակը կանէանա հանկարծ դու գաս,
Կյանք կծագի մութ գիշերվա անհուն խորքում,
Տող կընդհատվի ամենօրյա իմ աղոթքում…
Անսպասելի ու շատ սպասված հանկարծ թե գաս,
Միայն թե գաս…

***

Միտքս ու սիրտս դաշն կնքեցին,
Կյանքը մեղմ ժպտաց որպես լուռ վկա:
Հեռու և մոտիկ արձագանքեցին.
Սերը.. սերը հենց դա է, որ կա:


Share |

ՄԱՅԻՍԻ 19-ին՝ ՊԱՐԶ ԼՃԻՑ ԳՈՇԻ ԼԻՃ, ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ՝ ԳԵՂԱՐԴԻՑ ԳԱՌՆԻ

Սիրելի արշավականներ, մայիսի 19-ին մեկնում ենք Պարզ լիճ, Գոշավանք և Գոշի լիճ, տոմսի արժեքը՝ 4.000 դրամ, մայիսի 20-ին մեկնում ենք Գեղարդ, որտեղից կիրականացնենք քայլարշավ դեպի Գառնի՝ սարերով-ձորերով, տոմսի արժեքը՝ 3.000 դրամ: Գրանցվել կարող եք` զանգահարելով Էդգարին (094 89 55 16) կամ Տիգրանին (094 41 30 77):

 


Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)

Վարդան պապիկի տանը (լուսանկարը՝ Ռոման Իսակովի, 6.05.2012)

 


Copyright © Edgar Harutyunyan. All rights reserved. Development by INFOstream